ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում, որի նպատակը ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգ ստեղծելն է: Նախագիծը հրապարակվել է e-draft տեղեկատվական համակարգում։
Նախարարությունն առաջարկում է ճանապարհային վճար սահմանել ՀՀ տարածքում գրանցված (հաշվառված), ինչպես նաև չգրանցված (չհաշվառված) 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով, Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողների համար։
ՀՀ ընդհանուր օգտագործման պետական (միջպետական և հանրապետական նշանակության) ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության ճանապարհային վճարի դրույքաչափը կսահմանվի անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 դրամ: Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում ՀՀ կառավարությունը:
Ճանապարհային վճարը վճարվում է միջպետական հաղորդակցության դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության սահման հասնելը ճանապարհային վճարի գանձման համակարգի միջոցով, իսկ ներպետական հաղորդակցության դեպքում՝ մինչև երթուղի դուրս գալը:
Ըստ նախագծի` ՀՀ–ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի վճարումից ազատվում են ՀՀ–ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար, բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար, ՀՀ-ում տեղակայված` ՌԴ ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար:
Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից: