ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը Instagram-ի իր էջում Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել և հանդես եկել կոչով։
«Կան արժեքներ, որոնք մնայուն են, իսկ անցողիկ հողմերը փոշիանում են ժամանակի մեջ։ Գնահատենք մեր տաղանդներին, որոնք աշխարհում ճանաչելի և լսելի են դարձնում մեր ձայնը։ Գնահատենք և հպարտանանք մեր հայրենիքի նվիրյալներով»,–գրել է Մինասյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն օգոստոսի 27-ին հայտնել էր, որ ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջիկա հանդիպումների ժամանակ չի միանա թիմին: Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն էլ տեղեկացրել էր, որ խոսել է Մխիթարյանի հետ, և նա ասել է, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումը («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել լավ մարզավիճակում չէ: Հենրիխը նշել էր, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացել էր հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով:
Այս լուրերից հետո Հենրիխ Մխիթարյանի հասցեին մի շարք քննադատություններ էին հնչել։
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը կոչ էր արել աջակցել Մխիթարյանին:
Ամենաերիտասարդ ավագը, ռեկորդակիրը, ամենաթանկ տրանսֆերը. էլ ինչ նվաճումներ ունի Մխիթարյանը