ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայեր են ժամանել Հայաստան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Սփյուռքի հարցերի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը` անդրադառնալով լիբանանահայերի` հայրենիք վերադարձին։
«Այս հոսքը շարունակական է, և այժմ շաբաթը 2 անգամ թռիչք ունենք Բեյրութից Հայաստան: Բոլոր ինքնաթիռները լիքն են գալիս»,–ասաց Սինանյանը։
Խոսելով Լիբանանից Հայաստան եկողներին պետության կողմից աջակցություն տրամադրելու մասին` Սինանյանը նշեց, որ սեպտեմբերի 1-ից նոր միայն պատրաստ կլինի փաթեթը, որը մշակում է կառավարությունը։
Նրա խոսքով` Հայաստան եկող լիբանանահայերն ունեն տարբեր բնույթի խնդիրներ, որոնց համար փորձում են լուծումներ գտնել։ Մյուս կողմից էլ, ըստ Սինանյանի, եկողների մի մասն իրականում պետական ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն չունի:
Սինանյանը նշեց նաև, որ մեր հասարակությունում նույնպես շատ մեծ կամք կա Լիբանանում տնտեսական ճգնաժամից տուժած հայերին օգնելու հարցում. մի շարք մարդիկ իրենց տները, ամառանոցներն են առաջարկում լիբանանահայերին ապրելու համար։
Բեյրութի նավահանգստում քիմիական նյութերով լի տասնյակ բեռնարկղեր են հայտնաբերել
Նկատառմանը, թե լիբանանահայերի հայրենադարձության վերաբերյալ տարակարծություններ կան` Սինանյանը պատասխանեց, թե որոշ լիբանանահայեր նախընտրում են գալ Հայաստան, սակայն կան մարդիկ էլ, որ Հայաստանը չեն ընտրում։
«Հարցն այն է, որ մենք չենք բերում նրանց, այլ իրենք են գալիս։ Սիրիահայության փորձը խնդրահարույց էր`մենք կորուստներ ունեցանք. հիմնական խնդիրը պետության ոչ պատրաստ լինելն էր»,–ասաց Սինանյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ է դարձել 154 մարդ, ավելի քան 5000–ը վնասվածքներ են ստացել։
Մահացածների թվում 13, տուժածների թվում` ավելի քան 250 հայ կա։ Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին տրամադրել են ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք։
Եթե հայերը լքեն Բեյրութը, ուր կգնան, կամ պատրա՞ստ է Հայաստանն ընդունել հայրենակիցներին