ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացնում է, որ Մոսկվայում «Թումո» միջազգային կենտրոն է բացվել։
«Ի թիվս Բեյրութի և Փարիզի կենտրոնների, սա թվով երրորդ միջազգային «Թումո» կենտրոնն է։ Կենտրոնը Հայաստանի անունը բարձր է պահում միջազգային տեխնոլոգիական ասպարեզում, հայկական կրթական և այլ տեխնոլոգիաների արտահանման համար նոր հորիզոններ է ձևավորում»,–Facebook սոցցանցի էջում գրել է նախարարը։
Նա շնորհավորել է «Թումոյի» թիմին` նորանոր հաջողություններ մաղթելով։
Միաժամանակ «Թումոյի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Genome Ventures» ընկերության հետ համագործակցության շնորհիվ Մոսկվայի պատանիները նույնպես կստանան «Թումոյի» կրթական ծրագրին ծանոթանալու և ամենաժամանակակից ոլորտներում հմտանալու հնարավորություն: Դասերը Թումո Մոսկվայում կմեկնարկեն հոկտեմբերին, իսկ դրանց հետ կապված բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքից։
Հայաստանը կուժեղացնի կիբեռպաշտպանությունն ու սեփական cloud-ծառայությունները կստեղծի
Նշենք, որ «Թումոն» նորարար կենտրոն է` բաց մեդիա–ստուդիայով, այն Երևանում բացվել է 2011 թվականի օգոստոսին։ Կենտրոնը 12-18 տարեկան դեռահասների համար ՏՏ ոլորտի պրակտիկ արտադպրոցական ծրագիր է ներկայացնում։ Ավելի ուշ նման կենտրոններ բացվեցին Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում։