ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կա՛մ կոռուպցիան պիտի լինի անհնար, կա՛մ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Հակակոռուպցիոն հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ։
«Այսօր Հայաստանի օրակարգում կարևորագույն հարցերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, բայց ռազմավարական առումով մեզ համար կարևոր է ոչ թե բուն կոռուպցիայի դեմ պայքարը, այլ կոռուպցիայի կանխարգելման հստակ գործող մեխանիզմները, որոնց շնորհիվ կոռուպցիայի յուրաքանչյուր դեպք կբացահայտվի»,–նշել է վարչապետը։
Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանին կհաջողվի հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծել այն խնդիրները, որոնք ֆիքսված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ։
Հիշեցնենք` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու որոշումը կայացվել է 2019թ–ին։
Այս կառույցը կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ չի զբաղվելու, այլ հիմնականում իրականացնելու է կանխարգելիչ, ուսուցողական գործառույթներ, ինչպես նաև վերլուծելու է պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերի տվյալները։
2019 թվականի հուլիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը:
2019 թվականի հունիսի 24-ի որոշմամբ ստեղծված խորհրդի կազմում են վարչապետը, ոլորտը համակարգող փոխվարչապետը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ (նախկին 3-ի փոխարեն):