ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Երևանի Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները կրկին բողոքի ակցիա են անում` ահազանգելով իրենց 5–հարկանի շենքի բակում բարձրահարկ շենքի շինարարության մասին։
Նրանց խոսքով` նոր կառուցվող շենքն ամբողջությամբ կփակի իրենց շենքը` զրկելով լույսից և արևից։ Բնակիչներն արդեն իսկ ստորագրահավաք են կազմակերպել ու դիմել քաղաքապետարան։
«Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, թե շինարարության իրականացման որոշումն օրինական է, սակայն մեզ որոշման պատճենն այդպես էլ չեն ցուցադրում։ Մենք պահանջում ենք, որ այդ տարածքը կանաչ գոտի դառնա։ Ի՞նչ անենք` պառկենք տեխնիկայի տակ, որ կանգ առնե՞ն»,–ասաց նրանցից մեկը։
Մեկ այլ բնակիչ էլ ավելացրեց, որ վախենում են անգամ երեխաներին խանութ ուղարկել, քանի որ շինտեխնիկա է մտել տարածք։
«Տարածքում, որտեղ ուզում են շինարարություն անել, մանկապարտեզի հին շենքն էր։ Իմ աղջիկն այդտեղ մսուր է գնացել։ Մենք լավն էինք սպասում, Նիկոլ ջան, ոչ թե ամենաթողություն»,–ասաց նրանցից մեկը։
«Ազգային հարստության մսխում». ինչ է առաջարկում նոր նախարարը Սևանը փրկելու համար
Բողոքի ակցիա անող բնակիչներին մոտեցավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հատուկ քաղաքաշինական ծրագրերի կարգավորման մասնագետ Գրիգոր Բաբաջանյանը։
«Oրենքը նման տիպի շինարարության համար Հասարակական իրազեկում չի նախատեսում։ 2019-ին շինթույլտվություն ստանալու համար մեզ դիմել է մի քաղաքացի, որին էլ սեփականության իրավունքով պատկանում է հողամասը։ Շինթույլտվություն նրան տրվել է այս տարի, իսկ թե դրանից առաջ այս տարածքում ինչ է եղել և այն ում է պատկանել, տեղյակ չեմ»,–ասաց Բաբաջանյանը։
Նա հայտնեց, որ 2019-ին ոմն Ռուզաննա Ասուլյանից այդ հողատարածքը գնել են Էդուարդ Սուքիասյանը և Ագնեսա Մանուկյանը։ Իսկ թե սեփականաշնորհումն ինչ գործընթացներով է ընթացել, Բաբաջանյանը չի կարող ասել։
Երևանի բնակֆոնդի պատմությունը, կամ ինչպե՞ս երևանցի աշխղեկը շահեց ապագա զոքանչի սիրտը
Բնակիչները նշեցին` եթե ամեն ինչ օրինական է, ապա ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանն իրենց նամակներին չի արձագանքում և չի պատասխանում։ Նրանք պնդում են, որ հանրային քննարկումներ չեն եղել։
Բողոքի ակցիան դեռ շարունակվում է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին նույնպես Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչները բողոքի ակցիա էին անում` նույն խնդիրը բարձրացնելով։
Ջրում «ապրող» սուրբ Հռիփսիմեն ու եկեղեցու շուրջ հյուսվող պատմությունները. տեսանյութ