ԵՐԵՎԱն, 24 օգոստոսի - Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում երեք երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 24-ին` ժամը 16:40-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում բախվել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Թ․) և «Jibei» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան (վարորդ՝ Գրիգոր Ղ․)»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կորոնավիրուսից ապաքինված պացիենտին տուն տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Toyota Vitz» ավտոմեքենայի ուղևորներ Շողեր Ս․-ն (ծնված 1983 թ.), Արմեն Ս․-ն (ծնված 2015 թ.), Մելինե Բ․-ն (ծնված 1990 թ.), Եվա Թ․-ն (ծնված 2015 թ.) և Նարեկ Թ․-ն (ծնված 2019 թ.) հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Vitz» ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: