ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ժամանակակից Սու-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակի մատակարարման հարցը։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան:
Նա նշել է, որ հայկական կողմի հետ այդ հարցով քննարկումները շարունակվում են։
«Ինքնաթիռների գնման թեման կքննարկվի հայկական կողմի շահագրգռվածության հաստատման դեպքում», - ասել է Վորոբյովան՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Երևանի կողմից 4+ սերնդի կործանիչների գնման հարցը:
ՀՀ ՊՆ-ում տեղեկությունը դեռ չեն մեկնաբանում:
Հիշեցնենք, որ Սու-30ՍՄ առաջին խմբաքանակը Հայաստան է ժամանել 2019 թվականի դեկտեմբերին։ ՀՀ ԶՈՒ-ի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ առաջիկա տարիներին պլանավորվում է ընդհանուր առմամբ 12 Սու-30ՍՄ կործանիչ գնել։
Տոնոյանը Շոյգուին պատմել է տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության մասին
Սու-30ՍՄ համարվում է աշխարհի ամենակատարյալ ինքնաթիռներից մեկը, ստեղծվել է օդում գերազանցություն ապահովելու նպատակով։ Այս ինքնաթիռը կարող է իր հետ փոխադրել մինչև 8000 կգ զինամթերք։
Սու-30ՍՄ Էսկադրիլիան զգալիորեն կավելացնի Հայաստանի ռազմաօդային ուժերի հարվածային հնարավորությունները։