ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղն այսօր, ինչպես ամեն տարի օգոստոսի 22-ին, մարդաշատ էր։ 1804 թվականի ռուս-պարսկական պատերազմում հերոսաբար զոհված հայ և ռուս զինվորների հիշատակը հարգելու էին եկել նաև Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, Գյումրիում ՌԴ հյուպատոսության, 102-րդ ռազմաբազայի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Իոսիֆ Մոնթրեզորի ջոկատի (այն բաղկացած էր 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից) հերոսության 216-ամյակի արարողությունը սկսվեց հոգեհանգստի կարգով ձեռամբ Վանաձորի Սուրբ Աստվածածին ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդի:
«Այսօր պահպանելով մեր պատմական և մշակութային ժառանգության ավանդույթները` կրկին հավաքվել ենք հարգանքի տուրք մատուցելու ազատության և անկախության համար զոհված հերոսներին և վառ պահելու նրանց հիշատակը: Մոնթրեզորի ջոկատն անձնվիրաբար զոհվեց՝ սերունդներին թողնելով քաջության ու հայրենասիրության վառ օրինակ »,- իր խոսքում նշեց ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնևը:
Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանի խոսքով էլ`պարսկական զորքերի դեմ մղվող անհավասար ճակատամարտում հերոսաբար զոհված ազգությամբ ֆրանսիացի հրամանատարի և նրա ռուս ու հայ զինվորներից բաղկացած ջոկատի հերոսությունը 2 դար անց էլ դեռ հիշվում է, ինչի վկայությունը տարեցտարի այս միջոցառմանը երիտասարդների ներկայությունն է: «Սա ռուս-հայկական բարեկամության լավագույն ապացույցն է»,-ասաց նա:
Արարողությունից հետո, մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին մայոր Իոսիֆ Մոնթրեզորի ջոկատի հուշարձանին:
Իոսիֆ Մոնթրեզորը 1803 թվականին նշանակվել է Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստանի Փամբակի ռազմական դիստանցիայի պետ։ 1804 թվականի օգոստոսի 18-ին Մոնթրեզորն առաջադրանք է ստացել Փամբակում դիմավորել և Երևան հասցնել Թիֆլիսից Մելիք-Ապովի որդի Ռոստոմ Բեկի գլխավորությամբ պարենամթերք և զինամթերք տեղափոխող հերթական գումակին։ Մոնթրեզորի ջոկատը ճանապարհին հետապնդվել է Փիր-Ղուլի խանի 500 հեծյալներից, իսկ Փամբակի գոգհովտում հանդիպել է նաև վրացի խռովարար արքայազն Ալեքսանդրի 6 հազարանոց զորքին։ Անհավասար մարտում ջոկատը համարյա գլխովին ջախջախվել է, Մոնթրեզորը՝ զոհվել։