ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը կմեկնի Մոսկվա։ Նման որոշում է այսօր ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանին 2020 թվականի օգոստոսի 22-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ 6-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովին («Армия-2020») մասնակցելու նպատակով»,–նշված է Փաշինյանի որոշման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 23-29-ը Ռուսաստանի մի քանի շրջաններում և Հայաստանի տարածքում անցկացվող «Բանակ-2020» համաժողովում 1500-ից ավելի ընկերություններ կներկայացնեն սպառազինության և տեխնիկայի ավելի քան 28 հազար նմուշներ:
Հիշեցնենք` 72 պետություն հաստատել են, որ կմասնակցեն համաժողովին։ Նրանց թվում են Հայաստանը, Բելառուսը, Բրազիլիան, Վիետնամը, Իրանը, Ղազախստանը, Լիբանանը, Ռուանդան, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունն ու Հարավային Օսեթիան, որոնք կներկայացնեն բարձրաստիճան պատվիրակությունները։ Ազգային ցուցադրություններ կունենան հինգ երկիր՝ Բելառուսը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ղազախստանը, Պակիստանը: