ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի բնակիչները բազմազգ «Ծիրան» տոնակատարության ընթացքում ծանոթացել են հայկական մշակույթին։ Լուրը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Ամենամյա բազմազգ տոնակատարության բացումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին՝ ВДНХ-ի №68 «Արմենիա» տաղավարի մոտ։ Այն Ռուսաստանի մայրաքաղաքի էթնոմշակութային օրացույցի կարևոր իրադարձություններից մեկն է դարձել։
Դեսպան Վարդան Տողանյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ավանդաբար անցկացվող «Ծիրան» տոնակատարությունը Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներին ծանոթացնում է հայկական մշակույթին և հայ ժողովրդի ավանդույթներին, ինչպես նաև ազգամիջյան համաձայնության և միջմշակութային փոխգործակցության խորհուրդ ունի։
Տողանյանը նաև շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և Մոսկվայի քաղաքային իշխանություններին՝ տոնի անցկացման համար։
«Թուրքիայի վերջին հայկական գյուղում» պատմության ու մշակույթի թանգարան է բացվել
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Մոսկվայի քաղաքային Դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայի Ազգային քաղաքականության և միջտարածաշրջանային կապերի վարչության ղեկավար Վիտալի Սուչկովը և այլք:
Տոնական ծրագրի շրջանակում Մոսկվայի և ՌԴ այլ շրջանների երաժշտական համույթները կպատմեն իրենց ժողովուրդների մշակույթի, արվեստի, ավանդույթների և ժամանակակից կյանքի մասին։
Տեղի կունենա մինի-ֆուտբոլի խաղ՝ «Ծիրանե գնդակ» խորագրով, կանցկացվեն բազմաթիվ վարպետության դասեր, «Արևելյան բազար» ցուցահանդես-տոնավաճառը, շախմատի և նարդու մրցաշարեր, հնարքների շոու և այլն։
«Ծիրան» տոնակատարությունը կազմակերպում է «Մոսկվայի հայերի միությունը»՝ ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի, Մոսկվայի կառավարության և Ազգերի հարցերով դաշնային գործակալության աջակցությամբ։