ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Առանց առողջապահության նախարարությունից թույլտվություն ստանալու, այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան փոստով որոշ քանակությամբ դեղեր ստանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը հայտնեց, որ «Դեղերի մասին օրենքում» արդեն իսկ փոփոխություն է կատարվել, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 17-ին։
«Քաղաքացիները կարող են անձնական օգտագործման համար տարեկան մեկ անգամ մինչև 5 անուն դեղ` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթ, առանց հավաստագրի ներմուծել Հայաստան: Դրանից ավելի դեղաքանակի համար արդեն պետք է դիմել առողջապահության նախարարություն»,–ասաց Գրիգորյանը։
Նախկինում քաղաքացիները պետք է նախապես դիմեին առողջապահության նախարարություն` նշելով դեղերի անունները, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և բժշկի կողմից հիմնավորում, որ այդ դեղերն անհրաժեշտ են։ Նախարարության թույլտվության հիման վրա միայն կարող էին ներմուծում իրականացնել։
Ավելին, գործող օրենսդրության համաձայն` փոստով կարող էին ստացվել միայն այն դեղերը, որոնք մեր երկրում գրանցված չեն, չունեն համարժեքը կամ էլ ընդհանրապես չեն ներկրվել։ Սակայն այս նորմը, ինչպես հայտնեց Գրիգորյանը, նույնպես վերանայվել է, և քաղաքացիները կարող են նաև Հայաստանում գրանցված դեղեր պատվիրել դրսից։
«Կանաչ խաչ» և գեղեցիկ աղջիկներ. ինչո՞վ է վտանգավոր դեղատնային բիզնեսը Հայաստանում
Մասնագետի խոսքով` քաղաքացիները Հայաստան կարող են ներմուծել անգամ հակաբիոտիկներ. բացառություն են կազմելու միայն հոգեմետ դեղերը և թմրամիջոցները։
Որոշմամբ, իհարկե, ամենօրյա գրաֆիկով դեղեր ընդունող քաղաքացիների հոգսը մի փոքր թեթևանում է, բայց այստեղ առաջ է գալիս մեկ այլ հարց` ո՞վ պետք է վերահսկի ներմուծվող դեղերի որակը։
Գրիգորյանի խոսքով`առողջապահության նախարարությունը այս պարագայում վերահսկողական մեխանիզմ չունի։
Հայաստանում շրջանառվող դեղերի որակի վերահսկողություն իրականացնում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սակայն այս դեպքում գործ ունենք անհատի հետ, որն իր ցանկությամբ է ընտրություն կատարում և դեղ պատվիրում։
Տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Վարդուհի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողական գործառույթներ կարողանում են իրականացնել այն պարագայում, երբ այդ փոխհարաբերություններն առաջացել են ՀՀ–ում։
«Այս պարագայում, երբ քաղաքացին ինքն է դեղ պատվիրել, տեսչական մարմինը որևէ գործառույթ չի կարող իրականացնել։ Առկա ռիսկերը պետք է անձը գնահատի և կարողանա հասկանալ` ինչ դեղ է պատվիրում։ Դեղերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, և մարդիկ պետք է այդ ամենը հաշվի առնեն»,–ասաց Խաչատրյանը։
«Մեղր ուտողին ի՞նչ կորոնա, ի՞նչ բան». Մարտունիում մեղրաքամի փառատոն է անցկացվել
Տեսչական մարմինը, սակայն, ունի նաև իրազեկման գործառույթ. դեղեր գովազդող տեսահոլովակների առնչությամբ, որոնք պարունակում են կասկածելի տեղեկություն կամ դրանցում առկա ինֆորմացիան ամբողջական չէ, իրենց պաշտոնական կամ ֆեյսբուքյան էջերով պարբերաբար զգուշացնում են քաղաքացիներին։
Խաչատրյանը ընդգծեց, որ քաղաքացիները պետք է տուրք չտան կասկածելի տեղեկատվությամբ գովազդներին ու անորակ դեղեր ձեռք չբերեն։