ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Կորոնավիրուսի համավարակի պատճառով 364 հազար 489 զբոսաշրջիկ Հայաստան չի եկել։ Հենց այսքան զբոսաշրջիկ էր երկիրն ակնկալում 2020 թվականի երկրորդ եռամսյակում, հետևաբար հանրապետությունը միայն այս ընթացքում զրկվել է 264 միլիոն 619 հազար 14 դոլարից։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից տրամադրել են այս տեղեկությունը։
Որ ավելի պարզ լինի, ներկայացնենք մանրամասն վիճակագրություն։
Ինչի՞ մասին են վկայում թվերը
Կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն՝ 2019 թվականին Հայաստան է ժամանել 4 միլիոն 319 հազար 618 մարդ։ 2018 թվականի համեմատ դա 14,9%-ով ավելի շատ է։ Այդքան այցելուներից զբոսաշրջության նպատակով երկիր էին ժամանել 1 միլիոն 894 հազար 377-ը, ինչը 14,7%-ով ավելի շատ է, քան 2018 թվականին։
Մինչդեռ 2019 թվականի հունվար-հունիսին Հայաստան են այցելել 770 հազար 55 զբոսաշրջիկ։ 2020 թվականին առաջին եռամսյակի ընթացքում արդեն 311 հազար 264 զբոսաշրջիկ էր եկել մեր երկիր։
Երկրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս) միջինում ակնկալվում էր, որ 364 հազար 489 մարդ է ժամանելու։ Սակայն համավարակի հետևանքով փակված սահմանների պատճառով սպասվող զբոսաշրջիկներն այդպես էլ չեկան։
Որքա՞ն է կորուստը
Կոմիտեն հայտնում է, որ երկրի անցակետերում 2013 թվականին անցկացրած վերջին ուսումնասիրության համաձայն՝ մեկ զբոսաշրջիկը միջինում 17,4 օր է մնում մեր երկրում ու միջինը օրական 41,8 դոլար է ծախսում։
Հաշվի առնելով, որ ուսումնասիրությունը 2013 թվականին է արվել ու այն ժամանակվանից հետո շատ բան է փոխվել, այդ թվում՝ ենթակառուցվածքների ու զբոսաշրջության դիվերսիֆիկացիայի առումով, կոմիտեի տվյալներով, զբոսաշրջիկը Հայաստանում միջինը 726 ԱՄՆ դոլար է ծախսում։
Հաշվի առնելով Հայաստան չեկած զբոսաշրջիկների միջինացված ցուցանիշներն ու զբոսաշրջիկների կողմից ծախսվող միջին գումարը, եզրակացնում ենք, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանը 264 միլիոն 619 հազար 14 դոլար է կորցրել։
Ներքին զբոսաշրջությունը չի փրկի. ինչն է Հայաստանում «սպանում» տուրօպերատորներին
Իսկ Զբոսաշրջության պետական կոմիտեն նախորդ տարի 2020 թվականի համար զբոսաշրջիկների հոսքի 14-15% աճ էր կանխատեսում։
Ի՞նչ անեն ոլորտի ներկայացուցիչները
Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով հակաճգնաժամային օժանդակության 23-րդ փաթեթը նախատեսում է օգնություն ցուցաբերել ընկերություններին, որոնք ներգրավված են հյուրանոցային բիզնեսում, հանրային սննդի ու զբոսաշրջային ոլորտի ուղղություններում։ Շահառու կարող են դառնալ միկրոձեռնարկություններն ու մասնավոր ընկերությունները, որոնք գրանցվել են մինչ 2020 թվականի մարտի 31-ը։
Մասնավորապես՝ օգնություն է ցուցաբերվում աշխատավարձ վճարելու համար։ Եթե վերջին տարվա ընթացքում ընկերությունը պահել է իր աշխատակիցների ավելի քան 70%-ին, յուրաքանչյուր երրորդ աշխատակցի հաշվարկով դրամաշնորհ կստանա։ Այն պահին, երբ ընկերության ֆինանսական վիճակը կայունանա ու շրջանառությունը գերազանցի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շրջանառության 70%-ը, պետական աջակցությունը կդադարեցվի։
Աջակցություն չեն ստանա այն ընկերությունները, որոնց 2019 թվականին վերադարձվել է ԱԱՀ-ի ավելի քան 50 միլիոն դոլարը, բայց կրճատել են աշխատակիցների ավելի քան կեսին։ Օգնություն չեն ստանա նաև այն ընկերությունները, որոնք թաքցնում են իրենց շրջանառությունն ու ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում։․
Աջակցությունը տրամադրվելու է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 1-ը։
Ի՞նչ է անում Կոմիտեն
Ներկայիս ճգնաժամը հաղթահարելու նպատակով կոմիտեն հետագա քայլեր է մշակում։ Դրանք ներառվելու են հետճգնաժամային մարքեթինգային ծրագրի մեջ։
Իսկ այժմ ներքին զբոսաշրջության ակտիվացման ֆոնին կոմիտեն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում զբոսաշրջային վայրերում և օբյեկտներում եղած խնդիրների լուծմանը։
«Այս պահին իրականացվում են Գորիս համայնքի ժառանգության հանգույցի վերականգնում, Խոր Վիրապ վանքի հարակից շրջակայքի բարեկարգում և Գառնու քարերի սիմֆոնիա զբոսաշրջային գոտու բարեկարգում ենթածրագրերի շինարարական աշխատանքները», - նշված է Sputnik Արմենիայի հարցման պատասխանում։
2020-2021 թվականներին նախատեսվում է զարգացնել Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքները, բարեկարգել Գյումրու պատմական փողոցներն ու բարեկամության այգին, Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհը և հարակից տարածքը, վերականգնել ու ամրակայել Դվինի հուշարձանները։
Աշնան վերջին Հայաստան կժամանեն նաև օտարերկրյա զբոսաշրջիկներ. Էկոնոմիկայի նախարար
Նաև կարգի են բերվելու Գառնու տաճարի հարակից տարածքն ու փողոցները, Զորաց քարերը, վերանորոգվելու է Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհը, նաև Հին Խնձորեսկ տանող հատվածը, Արենի հանգույցը։
Նշենք՝ Հայաստանում մարտի 16–ից մինչև սեպտեմբերի 11-ը արտակարգ դրության ռեժիմ է գործում։ Շարունակվում է գործել պարտադիր դիմակային ռեժիմը՝ որոշ թուլացումներով։