ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Օմբուտսմանի խոսքով՝ առանձնազրույցներ են տեղի ունեցել հացադուլ հայտարարած դատապարտյալի, ինչպես նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Վերջիններս բարձրացրել են հարցեր՝ կապված առողջական խնդիրների և բժշկական օգնության հետ:
«Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հացադուլ հայտարարած դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, նրա կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տրամադրել են անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն: Հացադուլի ընթացքի հետ կապված՝ դատապարտյալը բժշկի և հոգեբանական աշխատանքների առնչությամբ բողոքներ չի ներկայացրել»,-նշված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ հացադուլ անող դատապարտյալը նշել է, որ հացադուլի ընթացքում դիմել է պետական մի շարք մարմինների, սակայն որևէ մարմնից արձագանք չի ստացել:
Ազատազրկվածներին չեն տալիս ախտահանիչ միջոցներ, չկա ռազմավարություն. անակնկալ այց ՔԿՀ
Այցի ընթացքում արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կամփոփվեն, գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին: