ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Սահմանամերձ Բարեկամավան գյուղում այսուհետ կգործի «Հայփոստի» նոր տիպի բաժանմունք, որը ոչ միայն կթեթևացնի տեղի բնակիչների կյանքը վճարումների, հեռահաղորդակցման առումով, այլ նաև գյուղ կբերի լայնաշերտ ինտերնետ։ Բարեկամավանում այսօր բացվեց նոր տիպային փոստային բաժանմունք։
«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց` վերջերս այցելել է Բարեկամավան և գյուղապետի հետ զրույցից հետո հասկացել, որ եթե որոշել են իրավիճակ փոխել գյուղում, պետք է լավագույն տեխնոլոգիաները բերեն այստեղ։
«Մենք, փաստորեն, գյուղ ենք բերում նաև լայնաշերտ ինտերնետ, որը չկար բնակավայրում։ Սա երիտասարդների առջև մեծ հնարավորություններ կբացի` հնարավորություն կտա առցանց ուսուցում ստանալ, ինչպես նաև ինտեգրված լինել աշխարհի հետ»,–ասաց Կարապետյանը` հույս հայտնելով, որ կառավարությունը կաջակցի իրենց ծրագրին։
Կարապետյանը հայտնեց նաև, որ փոստային նոր բաժանմունքն ավելի անվտանգ տեղում է կառուցվել` նախորդի պատերից մեկը երբեմն կրակահերթի տակ էր հայտնում։
Նա հայտնեց, որ 109 սահմանամերձ համայնքներում կան փոստային բաժանմունքներ, որոնցից 22–ն են վերանորոգված, ինչը, սակայն, գոհացուցիչ տվյալ չէ։ Կարապետյանի խոսքով` սահմանամերձ գյուղերի փաստային բաժանմունքների արդիանակացման գործընթացը շարունակական բնույթ է կրելու։
Կարապետյանը նշեց, որ Բարեկամավանից Երևան նամակ ուղարկելու դեպքում այն կհասնի 1-3 օրում։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ նշեց, որ անվտանգ գյուղն այն է, որտեղ մարդիկ են ապրում, իսկ դրա համար կարևոր է, որ գյուղում լինեն համապատասխան պայմաններ։
«Հայփոստը» նոր ծառայություն է գործարկել. ինչպե՞ս է աշխատում «Հիբրիդ փոստը»
«Նոր տիպի փոստային բաժանմունք բացելը մեր վերաբերմունքն է գյուղի նկատմամբ։ Գյուղը պետք է ոչ միայն հարուստ լինի բնությամբ և մարդկանցով, այլ նաև միջավայրով, ծառայությունների որակով։ Սա առաջին գյուղն է, որտեղ նման կենտրոն է ստեղծվում»,–ասաց Չոբանյանը։
Մարզպետը հայտնեց` օրերս կսկսվի Բարեկամավանի դպրոցի շինարարությունը։ Ինչ վերաբերում է Բարեկամավանում տիրող իրավիճակին, ապա այն, ըստ մարզպետի, խաղաղ է, իսկ երբեմն–երբեմն հնչող կրակոցների տակ ապրելը տավուշցիների կյանքի մի մասն են դարձել։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան ներկայացրել էր, թե ինչպես է կորոնավիրուսային իրավիճակում աշխատում «Հայփոստը»։