ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի նստավայրը կարող է մայրաքաղաք Ստեփանակերտից Շուշի տեղափոխվել։ Նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ երեկ Խորհրդարանում նման ակնարկ է արել հանրապետության նախագահը։
«Քննարկվում է նաև Ազգային ժողովի գործունեությունը հետագայում Բերդաքաղաքում ծավալելու հարցը: Բնականաբար, վերջնարդյունքում նշված մարմիններից մեկը կմնա Ստեփանակերտում, մյուսը՝ Շուշիում»,- գրել է Պողոսյանն ու առաջարկել արցախցիներին գրառման մեկնաբանություններում իրենց կարծիքն արտահայտել՝ պետական ո՞ր ինստիտուտի գործունեությունն են նպատակահարմար գտնում Շուշիում:
Րոպեների ընթացքում Պողոսյանի գրառման տակ մեծ թվով մեկնաբանություններ են հայտնվել։ Հիմնականում բոլորն առաջարկում են՝ նախագահականը մնա մայրաքաղաքում, իսկ Ազգային ժողովը տեղափոխվի։
«Հայրենի երկրի մայրաքաղաքում նախագահի նստավայրը ավելի կարևոր ու կապող օղակ է։ Մայրաքաղաքն է պետության դեմքը։ Իսկ ԱԺ-ի գործունեությունը Շուշիում էլ ավելի շահավետ կլինի թե՛ մեր ժողովրդի, թե՛ միջազգային հանրության համար։ Կարձանագրենք աշխույժ ելումուտ հայոց բերդաքաղաքում, որտեղ երազում էր թեյ խմել ոմն Մեհրիբան Ալիևան։ Շուշին իր վերաբնակեցմամբ և աշխույժ նիստուկացով թող ցնծա աշխարհին»,- գրել է օգտատերերից մեկը։
Արցախի նախագահը պարգևատրել է հակառակորդի ԱԹՍ-ն խոցած զինծառայողներին
«Նախագահականի շենքը պետական սեփականություն է, իսկ ԱԺ-ն վարձակալությամբ է այդ շենքում։ ԱԺ-ն տեղափոխեք, միանգամից գումար էլ կխնայեք»,- նշել է մեկ ուրիշը։
Իհարկե, կան նաև օգտատերեր, որոնք դեմ են թե՛ նախագահական նստավայրի, թե՛ Ազգային ժողովի տեղափոխմանը, փոխարենն առաջարկում են առանձին նախարարություններ տեղափոխել։
Մենք հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի. Արայիկ Հարությունյան