ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայտարարություն է տարածել` հորդորելով զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից։
«Մինչև Հայաստանում արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն պարետի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ։ Մասնավորապես, թռիչքներ չկան Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս ուղղություններով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով փաթեթների ձեռքբերումից։
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ զբոսաշրջության ոլորտում մի շարք ընկերություններ թռիչքներ են առաջարկում Եգիպտոս, Շրի Լանկա կամ այլ ուղղություններով անգամ օգոստոսի վերջի համար։ Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը նախատեսում է վաղն արտահերթ նիստ հրավիրել` արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնելու համար։
Ի՞նչը կարող է փրկել ավիացիան․ ավիաընկերություններն անհամբեր սպասում են օգոստոսի 12-ին
Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը հաջորդ ամիսներին 4 անգամ երկարաձգվել է։ Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին և այն կավարտվի օգոստոսի 12-ին։ Այս ընթացքում թռիչքներն արգելված են եղել և դրանք կազմակերպվել են միայն տարբեր երկրների քաղաքացիներին տեղափոխելու համար։