ԵՐԵՎԱն, 10 օգոստոսի- Sputnik. ՀՀ ՊԵկ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանները հայտարարություն են տարածել, որտեղ հայտնում են, որ ՀՀ կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի որոշումը և չի ապահովել Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և համարժեք բուժում ստանալու իրավունքը:
«ՀՀ պատմության մեջ աննախադեպ է Եվրոպական դատարանի որոշումը չկատարելը: Նման վարքագիծը անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետության համար»,- նշված է հայտարարության մեջ:
Փաստաբանները նշում են, որ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և բուժման առումով ՄԻԵԴ-ի որոշումից հետո որևէ բան չի փոխվել:
Փաստաբանական խումբը հիշեցնում է, որ ՄԻԵԴ-ը վճռի կատարման համար 15-օրյա ժամկետ էր սահմանել, որը լրացել է օգոստոսի 5-ին: Վճռում ՄԻԵԴ-ը ՀՀ Կառավարությունից պահանջել էր ապահովել Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում, ինչը չի կատարվել:
Խաչատրյանի որդուն կալանավորելու գործընթացը օրենքի խախտմամբ է իրականացվել. փաստաբանական թիմ
Խաչատրյանների փաստաբանական խումբը ամիսներ շարունակ պնդում է, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, և որ չվիրահատվելը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար:
Փաստաբանները հիշեցնում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրենց գանգատը վարույթ է ընդունել առաջնահերթության կարգով, իրենց մեկնաբանությամբ՝ Գագիկ Խաչատրյանի առողջական ծանր վիճակից ու իշխանությունների անգործության փաստերից ելնելով։
«Որպես կանոն, եթե առաջնահերթությունը տրվում է առողջական վիճակից ելնելով, նշանակում է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համոզվել է, որ անձը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի։ Տվյալ դեպքում դա պայմանավորված է անհրաժեշտ բժշկական խնամքի ու բուժման հնարավորության սահմանափակմամբ և ապօրինի կարգով կալանքի տակ պահելով»,- գրված է հայտարարության մեջ:
Իրենք ունեն մտածելու տեղ. ԱԱԾ տնօրենը` Գուրգեն Խաչատրյանի անհետանալու մասին
Հիշեցնենք` 2014-2016թթ–ին ՀՀ ֆինանսների նախարար եղած Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում վատնում կազմակերպելու համար և կալանավորված է: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։