ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու ամենագեղեցիկ փողոցի՝ Աբովյանի վրա, 19-րդ դարի մի շինություն կա: Դեռ Խորհրդային տարիներին շատերն էին քայլերն ուղղում դեպի այս շինություն՝ «Կոնյաչնի բառ»՝ մի բաժին կոնյակ ու օղի վայելելու, քաղաքի վերջին լուրերը միմյանց հայտնելու:
Տարածքը երկար ժամանակ մոռացված էր ու լքված, իսկ վերջին օրերին, այս շինության մուտքը դարձյալ մարդաշատ է, սակայն մարդիկ այստեղ գալիս են ոչ թե կոնյակ վայելելու, այլ նորաբաց «Մտորումների թատրոնի» կոլորիտային տարածքին ծանոթանալու, կամ էլ բացօթյա ստվերային ներկայացում դիտելու համար: Թատրոնն «օթևանել» է երկհարկանի շինության նկուղային հատվածում:
Հեռահար ներկայացում՝ «լեփ–լեցուն դահլիճով». Գյումրու տիկնիկային թատրոնն օգնեց «մնալ տանը»
19-րդ դարի կառույցը հրապուրիչ է ոչ միայն դրսից, այլև ներսից՝ թատրոնի համար անսովոր շարժական բեմով ու նստարաններով, իսկ հարևան սենյակում վարչական մասն է՝ զարդարված գյումրվա կոլորիտով: Թատրոնը նախատեսված է առավելագույնը 35 հանդիսատեսի համար:
Այս նորարարական մտքի հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ, Վ. Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնի դերասան և ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանն է: Մեր հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք այն անվանել հենց մտորումների թատրոն, մտահղացման հեղինակը նախ լակոնիկ է պատասխանում. «Քանի որ թատրոն է հոգու մասին», ապա շարունակում. «Սա ազատ ստեղծագործելու թատրոն է ոչ միայն փորձառուների, այլ նաև սկսնակների համար: Այստեղ խախտվում են ակադեմիական թատրոնի կանոնները: Գաղափարը ինձ ստիպեց փնտրել-գտնել այս տեղը, քանի որ գաղափարին այս միջավայրն էր հարմար»:
Նորաստեղծ թատրոնի հիմնադիրը նպատակ ունի նաև հումորի հայրենիքում վերականգնել հումորային թատրոնի բարի ավանդույթը՝ հումորային ներկայացումներ բեմադրելով: Պատահական չէ, որ թատրոնի պաշտոնական բացումը նախատեսված էր ապրիլի 1-ին՝ հումորի օրը, սակայն համավարակը այստեղ էլ խառնեց բոլոր պլանները:
Նոր դահլիճ և թիկնաթոռներ, նոր խաղացանկ. էլ ինչ անակնկալ ունի Գյումրու Աճեմյանի թատրոնը
«Ուզում ենք վերականգնել գյումրվա հումորը: 80-ականների վերջերին Գյումրիում կար «Ուրախ Գյումրի» թատերախումբը, որը շատ լավ էր ընդունվում հանդիսատեսի կողմից: Ուզում ենք այդ ավանդույթը վերականգնել. որոշել ենք, որ ուրբաթ օրերին մեզ մոտ կլինի հումորի օր, շաբաթվա երկու օրը նվիրելու ենք մանուկներին, կունենանք ներկայացումներ նրանց համար: Երեխաներին կդիմավորի Սաթո տատը, որը հեքիաթ կպատմի, ինչին կհաջորդի ներկայացումը»,- ասում է Հովհաննիսյանը:
Նորաստեղծ թատրոնը Գյումրիում գործող երկու՝ դրամատիկական և տիկնիկային թատրոնների հետ մրցելու նպատակ չունի, այն ստեղծվել է երիտասարդների համար փորձարարական հարթակ դառնալու նպատակով: Թատրոնը նախատեսված է կամերային, մոնո ներկայացնումների, երկխոսությունների, միջոցով «հոգու զրույցն ավելի տաքացնելու» նպատակով:
Լուրջ նպատակներով ու մեծ պատվիրակությամբ. Գյումրին հյուրընկալել է իտալացիներին
«Թող երիտասարդները գան, փորձեն: Եթե չստացվեց՝ հանդիսատեսը կասի, իսկ եթե ստացվեց՝ նորից կցանկանան նրանց տեսնել: Ունենք նաև 10-14 տարեկանների համար նախատեսված ստուդիա»,- ասում է թատրոնի հիմնադիրը:
Դերասան-տիկնիկավար Արթուր Օթարյանի համար նորաստեղծ թատրոնն իր վաղեմի երազանքին «ստեղծագործական թևեր» կտա: Ասում է՝ վերջապես գտել է մի անկյուն, որտեղ հնարավոր կլինի «խենթություններ» անել:
«Երիտասարդ ստեղծագործողների մոտ նման թատրոնի կարիքը զգացվում էր: Նրանք պակաս ունեին մի տեղ հավաքվելու, «գժություն» անելու, մի խոսքով՝ նմանատիպ էքսպերեմենտալ թատրոնի: Միշտ երազել եմ, որ Գյումրիում ունենանք ստվերների թատրոն՝ սա հնարավորություն է նորամուծություն բերելու մեր քաղաք»,- անկեղծանում է տիկնիկավարը:
Հարցազրույցի վերջում, երբ արդեն լուսանկարում էինք տարածքը, մի խումբ գյումրեցիներ մոտեցան.
-Բարև ձեզ, սա հին «Կոնյաչնին» է, չէ՞: Կարո՞ղ ենք տեսնել ներսը:
-Այո՛,-ասաց Հովհաննեսը:
-Ինչ լավ է, տեսանք ցուցանակը, իսկ ներկայացում կա՞:
-Դեռ ոչ, սպասեք պարետի որոշմանը,- հնչեց պատասխանը:
Ու մինչ խումբ ծանոթանում էր թատրոնի տարածքին, նույն նպատակով մեկ ուրիշ խումբ մոտեցավ՝ արդեն քաղաք այցելած հյուրերի բաղկացած...
Լիբանանահայ թատերախումբը գյումրեցի հանդիսատեսին հիացրեց և արժանացավ պատվոգրերի
Թատրոնը համալրված է սկսնակ դերասաններով, խաղացանկում արդեն 5-6 առաջնախաղ կա: Հանդիսատեսին կընդունեն անմիջապես, երբ պարետի հանի մշակութային օջախների գործունեության սահմանափակումները...