ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարներին։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արտակ Դավթյանը ծանոթացել է ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ, լսել նրանց առաջարկությունները, ներկայացրել ոլորտի զարգացման իր տեսլականը:
Հայկական ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարներն իրենց հերթին, ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները:
Քննարկվել են Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի գիտահեն զարգացման հնարավորությունները, ԱԹՍ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները:
Հանդիպմանը նաև ամփոփվել է հուլիսին սահմանային բախումների ժամանակ հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը:
Արշակյանն այցելել է Տավուշ. քննարկվել է հայկական արտադրության ԱԹՍ-ների արդյունավետությունը
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։