ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տարածքի իրական սեփականատերը` ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ իր տարածքում ինչ–որ մարդիկ ապօրինի գործունեություն են ծավալել։ Սեփականատերն այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ շրջակա միջավայրի նախարարն արդեն հայտարարել էր այդ գործունեությունը կասեցնելու մասին։
«Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ մտնել` ումն է դա, ով է այդ մարդը։ Բայց տպավորությունն այնպիսին էր, որ այդ մարդը ինչ–որ բիզնես է անում, բայց անպայման փորձում է ինչ–որ մեկից ինչ–որ բան խլել։ Բայց տեղեկություններ կային, որ Հայաստանում հիմա անօրինականությունները կանխվում են։ Այդպիսի աղոտ հույս կար։ Ու երեկ, փաստորեն, նախարարը որոշում կայացրեց այդ բոլոր անօրինական շինությունները կանխել»,– Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում անթաքույց ուրախությամբ ասաց ճարտարապետը։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել էր ամենասեղմ ժամկետում կասեցնել Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունն ու ապամոնտաժել տարածքում տեղադրված ապօրինի տաղավարները։ Նախարարը հայտարարել էր նաև, որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որին, ըստ լուրերի պատկանել է անօրինական բիզնեսը, տարածքի իրական սեփականատեր Չախմախչյանը հայտնեց, որ նրան երբևէ չի ճանաչել և նրա հետ գործնական հարաբերություններ չի ունեցել։
«Հայկ Սարգսյանը, որքան ես գիտեմ, նույնքան տարեկան է, որքան որ ես Հայաստանում չեմ գտնվել։ Դրա համար առնչվելու առիթ չի եղել»,– կատակեց նա։
Սևանի ափին գտնվող տարածքում հանգստի գոտի կառուցելու գաղափարը ճարտարապետն ու նրա երկու ընկերները հղացել են շուրջ 20 տարի առաջ։ «Սևան» ազգային պարկի հետ տարածքի վարձակալության պայմանագիրը, Չախմախչյանի պարզաբանմամբ, նախապես ձևակերպվել է ընկերներից մեկի անունով։ Իսկ 2008թ–ին տարածքից 3.5 հա–ն` վարձակալության իրավունքով, իսկ դրան կից 5 հա–ն` սեփականության իրավունքով` նվիրատվության պայմանագրի հիման վրա փոխանցվել է Ռուբեն Չախմախչյանին։ Մնացած 5 հա–ն սեփականության իրավունքով ձեռք է բերել նրա մտերիմ ընկերն ու բիզնես–գործընկերը, որի հետ էլ ծրագրում էին հանգստյան գոտի կառուցել։
«Մենք արդեն բավական աշխատանք էինք արել տարածքում, ու արդեն ծրագրում էինք շինարարությունը սկսել։ Բայց, ցավոք, դեֆոլտները խանգարեցին»,– նշեց Չախմախչյանը` ակնարկելով 2009թ–ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը։
Սևանի Շորժայի ափի կառուցպատման նախագիծն այսօր էլ կա, տարածքի սեփականատերերն անգամ անունն են որոշել`«Զարթոնք», այժմ սպասում են այն իրագործելու համար բարենպաստ տնտեսական իրավիճակի։
Ինչ վերաբերում է իրենց տարածքում ապօրինի ծավալված բիզնեսին, Ռուբեն Չախմախչյանը հայտնեց, որ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Հայաստանի իշխանություններից ու ազգային պարկից որևէ պահանջ չունի, չնայած, որ տարածքը ապօրինի շահագործման հետևանքով վնաս է կրել։
«Ինձ ասացին, որ ավազ են լցրել, բարեկարգել են ափը։ Այդ ավազը քանդել և հանել են իմ սեփական հողատարածքից։ Այսինքն`փչացրել են այդ հողատարածքը։ Եթե այնտեղ ես տնակներ կառուցեմ, պետք է կառուցեմ ափից հեռու, վերևի հատվածում, իսկ իրենք քանդել, այդ տարածքից ավազը հանել են, տեղափոխել ափ։ Այն տարածքը, որը կառուցապատման ենթակա է, փչացրել են»,– պարզաբանեց Չախմախչյանը։
Վերջինս Sputnik Արմենիային ներկայացրեց նաև տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականության վկայականն ու կառուցապատման իրավունքի պայմանագիրը։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում տեղի էր ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը։ Խնջույքից տեսագրություն և լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում երևում էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Նա դիմակի չէր դրել, որի համար ավելի ուշ տուգանվել էր։ Սարգսյանն ինքը պարզաբանում էր տարածել` ասելով, որ ընդամենը մի պահ դիմակ չի կրել։
Մամուլում տարածված լուրերի համաձայն` այս լողափը պատկանում է հենց նրան կամ առնչություն ունի նրա հետ, սակայն Սարգսյանը դա էլ է հերքում։