ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Շրջակա միջավայրի նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով՝ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները։ Տեղեկությունը հրապարակվել է նախարարության Facebook-յան էջում։
«Հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ։ Նախարարի խոսքով` իրենք գնում են այս քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի», - գրված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում տեղի էր ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը։ Խնջույքից տեսագրություն և լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում երևում էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Նա առանց դիմակի էր եղել, որի համար ավելի ուշ տուգանվել էր։ Սարգսյանն ինքը պարզաբանում էր տարածել` ասելով, որ ընդամենը մի պահ դիմակ չի կրել։
Մամուլում տարածված լուրերի համաձայն` այս լողափը պատկանում է հենց նրան կամ առնչություն ունի նրա հետ, սակայն Սարգսյանը նաև դա էր հերքել։
Ըստ նախարարության մամուլի ծառայության` Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ։ Անդրադարձ է եղել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակին։ Այսօր արդեն ազգային պարկում մեկնարկել է նախարարության կողմից պատվիրակված աուդիտը։ Աուդիտից հետո նախարարի առաջարկով խորհրդատվական ընկերության հետ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա զարգացման հայեցակարգ կմշակվի։ Ամենակարճ ժամկետներում ազգային պարկին ընձեռվելու են ափամերձ տարածքներում տնտեսական գործունեության հետագա կանոնակարգման ուղղությամբ ընթացիկ կառավարման և արդյունավետ պահպանության հնարավորություններ։
Քննարկվել են Սևանի ավազանի ափամերձ տարածքների ապօրինի կառուցապատման առկա վիճակը։ Նախարարը դիտարկումներ է արել նաև ձկնագողության դեմ պայքարի միջոցների վերանայման, խստացման և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի վերամշակման հարցերի շուրջ։