ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Բժիշկները նախկին Հռոմի պապի` Բենեդիկտոս XVI-ի մոտ դեմքի սուր բորբոքում են ախտորոշել։ Նա լուրջ հիվանդացել է հունիսին Գերմանիա այցելելուց հետո, հաղորդում է Passauer Neue Presse պարբերականը՝ հղում անելով նրա կենսագիր, գերմանացի լրագրող Պիտեր Զեեվալդին:
Բենեդիկտոս XVI-ը հունիսին գնացել էր Գերմանիա՝ այցելելու իր ավագ եղբորը՝ 96-ամյա հոգևորական Գեորգ Ռատցինգերին։ Ռատցինգերը մահացել է ծանր հիվանդությունից հետո:
Հռոմ վերադառնալուց հետո 93-ամյա Բենեդիկտոս 16-րդն անկողին է ընկել, հիվանդությունն ուղեկցվում է ուժգին ցավերով։ Զեեվալդի խոսքով` նախկին հայրապետը «չափազանց թույլ է», նրա հիշողությունն ու միտքը կարգին են, սակայն «ձայնը հազիվ է լսվում»:
Շաբաթ օրը Զեեվալդը Հռոմում այցելել է հայրապետին և ներկայացրել նրան նվիրված կենսագրությունը։ Հայտնի է, որ հանդիպման ընթացքում Բենեդիկտոս 16-րդը թույլ է եղել, սակայն պահպանել է լավատեսական տրամադրությունը, խոստացել է, որ եթե առողջանա, կրկին ձեռքը կվերցնի գրիչը։
«Ես շատ տխուր եմ»․ Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը
Ինչպես հայտնում է պարբերականը` Բենեդիկտոս 16-րդն արդեն կազմել է հոգևոր կտակը, որը կհրապարակվի նրա մահից հետո։ Հայրապետը որպես թաղման ապագա վայր ընտրել է Հովհաննես-Պողոս 2-րդի նախկին դամբարանը` Սուրբ Պետրոսի տաճարի տակ։
Հունիսին Բենեդիկտոս 16-րդը պապական գահից հրաժարվելուց հետո առաջին անգամ էր լքել Վատիկանի տարածքը, չհաշված նրա այցելությունները պապական ամառանոց` Կաստել-Գանդոլֆո, Հռոմի մոտակայքում։ Հրաժարականից հետո սկզբում նա բնակվում էր Կաստել-Գանդոլֆոյում, այնուհետև տեղափոխվեց Վատիկանի այգիներում գտնվող Mater Ecclesiae փոքրիկ մենաստան։