ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 1-ից 16-ը կդադարի Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկությունը, սակայն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չեն լինի։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
«Նշված սահմանափակումների հետ կապված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը չի կանխատեսում դեպի Հայաստան բեռների առաքման հետ կապված խնդիրներ, քանի որ ժամանակացույցը փոխելու համար բավարար ժամանակ կա», - գրված է հաղորդագրությունում։
Երթևեկության դադարի պատճառը Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարությունն է։
«Հարավկովկասյան երկաթուղին» առաջարկում է բեռնափոխադրողներին սեպտեմբերի ժամանակահատվածի համար նախատեսված փոխադրումներն իրականացնել օգոստոսին կամ հավասարաչափ բաշխել դրանք սեպտեմբերի 16-ից հետո:
Հարավկովկասյան երկաթուղին 5 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման դրամահավաքին
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: