ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:
«Ոչ միայն ուժով, այլև խաղաղ սրտով ու ամուր հավատով»,- Facebook-ի իր էջում ուրախալի լուրը հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նրա տեղեկացմամբ՝ բացման արարողությանը ներկա են գտնվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, համալսարանի ղեկավար կազմն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Ստեփանյանը հիշեցնում է՝ եկեղեցու կառուցման հիմնարկեքը կատարվել էր դեռ 2013թ-ին։ Նախաձեռնությունը ռազմական համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանինն ու համալսարանի անձնակազմինն է։ Շինարարությունը որոշ ժամանակով ընդհատվել էր։ 2020թ-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրահանգով եկեղեցու կառուցման աշխատանքները վերսկսվել են ու ավարտին հասցվել:
«ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ և առաջնորդությամբ սրբալույս մյուռոնով օծվեցին եկեղեցու խաչը, զանգը, սուրբ սեղանն ու մկրտության ավազանը: ԶՈՒ հոգևոր առաջնորդն օրհնանքի խոսք ասաց և բարեմաղթեց նորանոր ձեռքբերումներ հայ ժողովրդի հոգևոր և ազգային արժեքների պահպանության սուրբ գործում»,- գրել է Շուշան Ստեփանյանը։
Նա հավելել է, որ այսուհետև Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում աղոթք կբարձրացվի սպաների, կուրսանտների համար, կկատարվեն եկեղեցու սուրբ խորհուրդները, կանցկացվեն պատարագներ, մկրտություններ: