Կորոնավիրուսը ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին չի խանգարում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է տարածել` հայտնելով, որ վերանորոգվում են միջպետական ճանապարհները։
Փաշինյանի` Facebook սոցցանցում տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ, մասնավորապես, հիմնանորոգվում է Արագածոտնի մարզի Մ-3, Մարգարա–Վանաձոր–Տաշիր–հայ–վրացական սահման միջպետական ճանապարհի Ուշի–Արտաշավան ճանապարհահատվածը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսին և նախատեսվում են ավարտել մինչև տարեվերջ։
Բացի այդ, Շիրակի մարզում էլ հիմնանորոգվում է Հ-21, Հոռոմ–Արթիկ–Ալագյազ ավտոճանապարհահատվածի Գուսանագյուղից մինչև Հոռոմի խաչմերուկ հատվածը։ 4.5 կմ երկարությամբ ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 15-20 տարի առաջ։ Նախատեսվում է մինչև այս տարեվերջ ավարտել շինարարական աշխատանքներն այս հատվածում։
Փաշինյանը հրապարակել է սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհին նկարահանված տեսանյութը
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնք վկայում են Հայաստանում մեծածավալ ճանապարհային շինարարության մասին։ 2019 թվականին Հայաստանում վերանորոգվել և կառուցվել է մոտ 440 կմ ճանապարհ, իսկ 2020 թվականին նախատեսվում է վերանորոգել 502 կմ: