ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց: Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 10 անգամ, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 3 անգամ։ Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում` 1 անգամ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Ստեփանյանն այսօր հայտնել էր նաև, որ ՀՀ ԶՈւ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։