ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» տեղեկացնում է, որ մաքրման աշխատանքներ են իրականացվում Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում։
«Կենտրոնի սակրավորները հուլիսին սկսել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550 000 քմ կլաստերային ենթազինամթերքով վարակված, հաստատված վտանգավոր տարածքների մաքրման աշախատանքները»,–նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
Կոռնիձորում աշխատանքներն իրականացնում է «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամը»: Հուլիսին հայ ականազերծողները մաքրել են 3850 քմ ականապատ տարածք: Հայտնաբերվել է ԲՄՊ–1 73 մմ տրամաչափի չպայթած արկ:
Հիշեցնենք, որ կենտրոնի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։ Օրերս` հուլիսի 24-ին, հայտնի դարձավ, որ Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։ Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվենցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ։