ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Հայաստանը հնարավորություն ունի ջարդելու համաճարակի ողնաշարը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` վկայակոչելով վարակի տարածման վերջին օրերի վիճակագրությունը։
«Նման իրավիճակ, երբ 6 օր դեպքերը լինեն 400-ից պակաս, մենք չենք ունեցել»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև կարևորեց, որ այս ցուցանիշները առիթ չդառնան կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերի թուլացման` ինչպես պետական կառույցների, այնպես էլ հանրության կողմից։
Վարչապետը կարևորեց, որ բոլոր այն հիմնարկներում, որտեղ կա քաղաքացիների ընդունելություն, վերահսկվի դիմակնրի, սոցիալական հեռավորության պարտադիր ապահովումը։
«Նաև հոգեհանգիստների, հարսանիքների անցկացման ժամանակ շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հետևեն անվտանգության կանոններին»,– ասաց վարչապետը։
Փաշինյանը կարևորեց նաև, որ հակահամաճարակային կանոնները խստագույնս պահպանվեն նաև տուրիստական սեզոնի, հանգստի ու զբոսաշրջության ընթացքում։
«Որքան էլ, որ այդ կանոնները մեզ բոլորիս անհարմարությւն ու տհաճություն է պատճառում, բայց մենք պետք է շարունակենք պահպանել պարետատան սահմանած կանոնները»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` եթե ՀՀ քաղաքացիներն ու պատկան կառույցները նույն կերպ շարունակեն պահպանել հակահամաճարակային կանոնները, սեպտեմբերին Հայաստանը կկարողանա արձանագրել ճգնաժամի ավարտը։
Հիշեցնենք` հուլիսի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38196 դեպք, որոնցից 28366-ն` առողջացած, 728-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8877 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 161754 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 259 նոր դեպք և 542 առողջացած։
Որոշ հիվանդանոցներ օգոստոսից կանցնեն բնականոն աշխատանքի. Թորոսյանը` կորոնավիրուսի մասին