ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Գլենդեյլ քաղաքի ոստիկանապետ Կառլ Պովիլայտիսի հետ։ Հյուպատոսությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է, որ Գլենդեյլի ոստիկանության շենքում կայացած հանդիպման ժամանակ նրանք քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
«Դեսպան Բայբուրդյանը ոստիկանապետ Պովիլայտիսին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից իրականացված շարունակական հարձակումների, ինչպես նաև ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում հայերի նկատմամբ ադրբեջանցիների գործադրած բռնությունների և վանդալիզմի մասին»,- նշված է հյուպատոսության տարածած հաղորդագրության մեջ։
Գլխավոր հյուպատոսը ոստիկանապետի հետ զրույցում նշել է, որ հայերի դեմ բռնությունը և վանդալիզմը չեն կարող տեղ ունենալ մեր կյանքում ինչպես ամենուրեք, այնպես էլ՝ Կալիֆոռնիայում։
Նիկիտա Սիմոնյանը խաղաղության կոչ է արել հայերին և ադրբեջանցիներին. տեսանյութ
Ոստիկանապետն էլ ընդգծել է, որ Գլենդեյլի բնակիչների անվտանգությունն ապահովելը ոստիկանության աշխատանքային առաջնահերթությունն է։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանին իրադրության վերջին սրացումից հետո հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ են եղել Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում, Մոլդովայում։
Այս ամենի ֆոնին ծեծկռտուքների բազմաթիվ դեպքեր են գրանցվել նաև Ռուսաստանում։