ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տեղեկացնում է, որ Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորները հուլիսին ականազերծել են 19 878 քմ ականապատ տարածք:
«Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է 205 087 քմ, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քմ տարածք: Հուլիսին հայտնաբերվել է 14 հատ ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 հատ 120 մմ ականանետի չպայթած արկ, 6 հատ OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 4 ինքնաշեն պայթուցիկ սարք, 1 հակատանկային ական` TM-62П, 2 հատ` ՎՕԳ 17 կրակոց»,–նշված է կենտրոնի Facebook սոցցանցի էջում։
Մարդասիրական 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1713 տեղաբնակների, իսկ առաքելության առաջին իսկ օրվանից՝ 15 485 հիվանդների: Բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին, մասնավորապես «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնին, փոխանցել է բժշկական անհրաժեշտ պարագաներ։
Հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի հայկական ծերանոցին և հայ համայնքի մանկատան սաներին են փոխանցել անհրաժեշտ պարագաներ և սնունդ:
«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը
Մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում ամեն օր շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և վարակազերծման դեմ ուղղված միջոցառումներ: Չնայած Հալեպում պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումներին և դժվարություններին՝ մարդասիրական խումբը շարունակում է իրականացնել իր առաքելությունը:
Հիշեցնենք՝ 83 մասնագետից բաղկացած Հայաստանի մարդասիրական առաքելությունը 2019 թվականի փետրվարին սկսել է աշխատանքներ իրականացնել Սիրիայում։
Խումբը կազմված է բժիշկներից ու սակրավորներից, նաև անվտանգության ապահովման խմբից։ Հայ մասնագետները կատարում են իրենց առաքելությունը ռուսական զորակազմի պաշտպանության ներքո։