ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Վանաձորում 4 տղամարդ (ոչ սթափ վիճակում) երկու ոստիկանի նկատմամբ բռնություն են գործադրել։ Հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
«2020թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լոռվա փողոցում գտնվող ոստիկանության վարչական շենքի մոտ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենան տուգանային հրապարակ ուղեկցելու և վարորդի հետ օրենքով սահմանված համապատասխան գործողություններ կատարելու անհրաժեշտության հետ կապված՝ վերջինս՝ երեք տղամարդու հետ միասին, հարձակվել, բռունցքներով հարվածներ են հասցրել ու քաշքշել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկաններին՝ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով նրանց նկատմամբ, որից հետո ավտոմեքենաներով դեպքի վայրից դիմել են փախուստի»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Ոստիկանները բերման են ենթարկել «Վստրեչի ապերին». տեսանյութ
Կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, երկու ոստիկանները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վերոնշյալ մեքենայի վարորդին, ինչպես նաև երեք անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին