ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին:
ՀՀ պաշտպանության նախարարը նախ շնորհավորել է ԻԻՀ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը:
«Անդրադարձ է կատարվել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթի վերաբերյալ, գնահատվել է դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, տեսակետներ են հնչել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։