ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Ինչպես հայտնում է ՊՆ պաշտպանական կայքը, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:
ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառուցողական և կայունացնող դերակատարությունը:
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականները և նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև համապատասխան ուղղությամբ՝ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել իրավիճակն ու պատրաստ են ցանկացած զարգացման:
Դեսպան Կոպիրկինը վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները:
Բաքուն մեկնաբանել է լայնածավալ ադրբեջանա-թուրքական զորավարժությունների անցկացումը
Նույն օրը Պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ու դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Նրանց ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին և սահմանագոտում ներկայիս իրավիճակին։
Կողմերը քննարկել են նաև համագործակցության հետագա ծրագրերն ու նախանշել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։