ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արարատի մարզի Ոստան գյուղի տներից մեկի տարածքում 66–ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 27-ին, ժամը 15։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել` 15։44-ին․ հրդեհի օջախում հրշեջ-փրկարարները հայտնաբերել են Մարտին Պ․-ի (ծնված 1954 թ.) դին:
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ Մարտին Պ–ն որոշել է այրել իր տան չոր խոտը, կրակը հասել է հարևանի տարածք, նա փորձել է մարել նաև այդ կրակը, բայց ծխախեղդ է եղել, մարմնի որոշ հատվածներն էլ այրվել են։