ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Վիսոցկու՝ Վագանկովյան գերեզմանատանը գտնվող հուշարձանի շուրջ վեճերը նոր թափ են հավաքել։
Վլադիմիր Վիսոցկու հարազատները նրա մահվան 40-րդ տարելիցի կապակցությամբ որոշել են թարմացնել նրա գերեզմանի հուշարձանը, որը տեղադրվել էր 35 տարի առաջ։
Նոր հուշարձանը կոշտ քննադատության է ենթարկել հայտնի դերասան և լրագրող Ստանիսլավ Սադալսկին։ Նա կարծում է, որ Վիսոցկու որդին՝ Նիկիտան, այդպիսով ստորացրել է սեփական հորը։ Իր պնդումը նա բացատրում է նրանով, որ հուշարձանն այժմ նոր գլուխ ունի, որտեղ երգիչը ծուռ բերանով է։
«Նոր գլխով արձանը 30 սմ կարճացել է։ Ձեզ դա դո՞ւր է գալիս»,-գրել է նա Instagram-ի իր էջում՝ նկարներ հրապարակելով գերեզմանատնից։
Посмотреть эту публикацию в Instagram
Սադալսկու խոսքով՝ Վիսոցկու ժառանգությունը ոչ միայն նրա ընտանիքին է պատկանում, այլև ամբողջ ռուս ժողովրդին, ուստի նրա հիշողությանը պետք է առավել խնամքով վերաբերվել։
Իսկ բարդի որդին՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր Նիկիտա Վիսոցկին, «СтарХит» պարբերականին ասել է, որ վաղուց ժամանակն էր ձևափոխել հուշարձանը։
«Այն ժամանակների համար նա գաղափարապես ճիշտ մարդ չէր համարվում։ Որոշակի սահմանափակումներ կային․ արձանը չէր կարող 2,20 մետրից բարձր լինել․․․ Վերջերս հուշարձանի հեղինակ Ալեքսանդ Ռուկավինշիկովի հետ սկսեցինք քննարկել, թե ինչպես ամեն ինչ անենք այնպես, ինչպես ուզում էինք ի սկզբանե։ Իհարկե, շատ կարծիքներ կան։ Բայց կարծում եմ՝ մենք իրավունք ունեինք նման որոշում կայացնելու»,-մեկնաբանել է Նիկիտա Վիսոցկին։
Ռեժիսորը նշել է, որ հուշարձանի գույնը ավելի են մոտեցրել բրոնզագույնին, նոր գլուխ են քանդակել և հիմա այն մի քիչ ավելի ցածր է։
Սադալսկու քննադատության մասին Նիկիտա Վիսոցկին բավական կտրուկ է արտահայտվել․ «Սադալսկին լուրջ մարդ է, բայց անկեղծ ասած՝ ես թքած ունեմ նրա վրա։ Ինչպես նաև իմ կամ հորս մասին նրա ասածների վրա։ Իսկ այ հորս գերեզմանի վրա ես թքած չունեմ»։
Հայերն ու Հայաստանը Վիսոցկու կյանքում
Բայց հարցը դրանով չի փակվել։ Սադալսկին իր հերթին հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս, թե ինչպես են հարազատները վերաբերում լեգենդար խորհրդային բարդի հիշատակին։
«Լավ է, որ կիթառը ձեռքից չեն առել ու տեղը ներարկիչ դրել։ Նիկիտայի շնորհիվ հետագա սերունդները Վիսոցկուն կճանաչեն ոչ թե որպես դարակազմիկ պոետ, այլ որպես թմրամոլ ու հարբեցող»,-գրել է դերասանը սոցցանցում` ակնհայտորեն ակնարկելով «Высоцкий. Спасибо, что живой» աղմկահարույց ֆիլմը, որի պրոդյուսերը Նիկիտան էր։
Հիշեցնենք` ֆիլմը, որում Վիսոցկուն մարմնավորում էր Սերգեյ Բեզրուկովը, հակասական արձագանք ունեցավ։ Բանն այն է, որ ֆիլմի ստեղծողներն անթաքույց պատմում էին Վլադիմիր Վիսոցկու ալոհոլային և թմրանյութային կախվածության մասին։