ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հունիսի 14–ից հետո Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 10.000–ից ցածր է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց` hիմքեր կան պնդելու, որ Հայաստանը ոչ միայն մտել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ, այլև աշնանը հնարավոր երկրորդ ալիքի ժամանակ կարող ենք ավելի լավ դիմակայություն ունենալ։
Նրա խոսքով` այս հարցում մեծ նշանակություն է ունեցել դիմակների ճիշտ կրումը:
«Ես նկատեցի, որ կրկին ակտիվացել է հակահամաճարակային կանոնների դեմ ուղված PR արշավը, էլի հակադիմակային արշավներ են սկսվում։ Բոլորիս համար էլ տհաճ է, որ դիմակ ենք կրում, բայց այս դրական դինամիկան միանշանակ կապված է դիմակ կրելու հետ»,–ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով`պետք է շարունակել զգոն լինել և հետևել հակահամաճարակային բոլոր կանոններին։
Հիշեցնենք`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 36 613–ի, վարակվածներից 25 734-ն առողջացել են, 692-ը` մահացել։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 969 պացիենտ: