ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Կործանիչները «որսացել» են իրանական ուղևորատար ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IRIB հեռուստառադիոընկերությանը, որն իր հերթին վկայակոչում է օդանավի անձնակազմին։
«Բանակցությունների ընթացքում նրանք (օդաչուները) ներկայացել են որպես ամերիկյան», - ասված է հաղորդագրության մեջ։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մեկ կամ երկու կործանիչներ մոտեցել են Թեհրանից Բեյրութ թռչող Mahan Air ավիաընկերության օդանավին: Ինքնաթիռի օդաչուն փորձել է հեռանալ բախումից, ինչի հետևանքով մի քանի մարդ Է տուժել:
Միաժամանակ լիբանանյան Կարմիր խաչի ղեկավար Ջորջ Քաթանան Ալ Ջադիդ հեռուստաալիքին հայտնել է, որ ուղևորների թվում վիրավորներ չկան:
Ավելի ուշ Tasnim գործակալությունը հայտնել է, որ Բեյրութի ճանապարհին հարձակման ենթարկված ինքնաթիռը վերադարձել Է Թեհրան։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին արդեն հայտարարել է, որ Թեհրանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, երբ կուսումնասիրի Լիբանան թռչող ինքնաթիռի հետ կապված միջադեպի հանգամանքները: Նա նշել է՝ տվյալների հավաքագրմանը կհաջորդեն քաղաքական և իրավական քայլերը։