ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում բնակվող Էլբակյանների ընտանիքին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը` նշելով, որ նրանց որդին՝ հայկական զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյանն, օրեր առաջ զոհվել էր հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան՝ Տավուշի հատվածում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով։
Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել կապիտան Էլբակյանի ծնողներին, նշել, որ նրանց որդին իր երիտասարդ կյանքն է զոհաբերել՝ անձնվիրաբար պաշտպանելով հայրենիքի սահմանը և բոլորիս խաղաղությունն ու անվտանգությունը։
Հանրապետության նախագահը նաև երախտագիտություն է հայտնել կապիտան Սոս Էլբակյանի ծնողներին՝ այդպիսի քաջ ու հայրենասեր զավակ դաստիարակելու համար:
«Խոնարհվում եմ նրա անմար հիշատակի առաջ։ Նրա սխրանքն անմահ է»,-ասել է նախագահ Սարգսյանը` նշելով, որ մենք բոլորս հպարտանում ենք մեր բանակով ու նրա խիզախ զինծառայողներով:
Մարմաշենի վանքում նախագահ Արմեն Սարգսյանը մոմ է վառել կապիտան Սոս Էլբակյանի և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 23-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։
Հիշեցնենք` հուլիսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 4 հրամանագիր էր ստորագրել Տավուշում հակառակորդի կրակոցների հետևանքով զոհված զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանին, Գրիշա Մաթևոսյանին, Սոս Էլբակյանին և Գարուշ Համբարձումյանին պարգևատրելու մասին։