ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը մերժել է նիստը հաստատմանը ներկայացված հերթական կառուցապատման նախագիծը: Տեղեկությունը Facebook-ում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Այ էսպիսի նախագիծ էին բերել քաղաքապետին կից քաղշինխորհրդի նիստի հաստատմանը: Մանկական աշխարհի կողքը՝ Արամի փողոցի վրա, 17-հարկանի հյուրանոց էին նախատեսում: Խորհուրդը միաձայն մերժեց նախագիծը»,- գրում է նա:
Կարապետյանը մերժված նախագծից նաև ֆոտոտարբերակ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ նախագծի հեղինակն առաջարկում էր Հանրապետության հրապարակին հարակից պատմական շենքերի անմիջապես հետևում կառուցել հսկա մի համալիր, որն իր բարձրությամբ ստվերում էր անգամ հրապարակից արդեն իսկ երևացող Հյուսիսային պողոտայի շենքերը:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության 2013թ.–ի օգոստոսի 29–ի որոշմամբ Երևանի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքները ճանաչվել էին գերակա հանրային շահ՝ «Հին Երևան» համալիրի նախագծի իրականացման նպատակով:
Հայաստանի կառավարությունը հողատարածք է հատկացրել «Հին Երևան» նախագծի համար
Երևանի կենտրոնում մոտ 100 000 քմ տարածք ընդգրկող նախագծով նախատեսված էր վերականգնել XIX–րդ դարի վերջի, XX–րդ դարի սկզբի Երևանի ճարտարապետական տեսքը։ Ի սկզբանե նախատեսվում էր «Հին Երևան» նախագիծն ավարտին հասցնել 2010-2011 թվականներին, բայց շինարարական աշխատանքները մեկնարկեցին միայն 2017 թվականին և առ այսօր ընթացքի մեջ են։
Նոր կառավարությունը փոփոխել է «Հին Երևան» նախագիծը. ի՞նչը չի հավանել ՀՀ նոր իշխանությունը