ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Մի խումբ փաստաբաններ պահանջում են հանել բաց տարածքներում միայնակ մարդկանց դիմակ դնելու պարտադիր պահանջը։ Նրանք հանրագիր են ներկայացրել ՀՀ կառավարությանը։
Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ փաստաբանների միության նախագահ Արա Զոհրաբյանը։
Նրանք նաև պահանջում են վերացնել տրանսպորտային միջոցում ընտանիքի անդամների կողմից դիմակ դնելու սահմանափակումները:
«Տվյալ դեպքում, մարդու շնչելու իրավունքը սահմանափակվել է, որպեսզի դրանով մարդը չվարակի այլ մարդու կամ չվարակվի այլ մարդուց: Այս միջամտության տրամաբանությունը չի երևում, երբ պարետը դիմակ դնելու պահանջ է ներկայացնում բացօթյա տարածքում միայնակ զբոսնող մարդու առջև: Ստացվում է, որ մարդը չի կարող վարակել մեկ այլ մարդու կամ վարակվել նրանից, սակայն պարտավոր է դիմակով շնչել»,–ասված է հանրագրում:
Նրանց խոսքով` տրանսպորտային միջոցում գտնվող ընտանիքի անդամներին դիմակ կրելը պարտադրելը նույնպես չի դիմանում քննադատության, քանի որ ընտանիքի անդամներն իրենց բնակարանում կարող են առանց դիմակ միմյանց հետ շփվել:
Առանց դիմակի, խմած ու բորբոքված. ինչ է եղել իրականում Ստեփանավանում
«Միայն այն ենթադրյալ փաստարկը, որ այդ կերպ պետությունը կարող է առավել արդյունավետ վերահսկել ընտանիքի անդամներ չհանդիսացող անձանց տեղափոխությունը տրանսպորտային միջոցով, չի դիմանում քննադատությանը: Ստացվում է, որ պետությունն իր վերահսկողություն կատարելը հեշտացնելու համար մարդուն զրկում է շնչելու իրավունքից, ինչն ուղղակիորեն չի համապատասխանում միջամտության թեստին»,–ասված է դիմումի մեջ:
Եվ նույնիսկ Թրամփը․ ԱՄՆ նախագահը դիմակ է դրել՝ հակառակ խոստումներին
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ պարետի որոշմամբ գրեթե ամենուր դիմակ դնելը պարտադիր դարձավ մայիսի 25–ից։ Հայաստանում մարտի 16–ից գործում է արտակարգ դրության ռեժիմ, որ 4–րդ անգամ երկարացվեց հուլիսի 13–ին և կտևի մինչև օգոստոսի 12–ը։