ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել հուլիսի 20-ին դատավորներին առաջադրված մեղադրանքից: Տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով բացահայտվել է, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը 2019 թվականի ընթացքում 12.382.580 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ձեռնամուխ է եղել այդ անօրինական եկամուտներն օրինականացնելուն:
Մտերիմ հարաբերություններ ունենալով իր ենթականերից մեկի՝ սնանկության գործերով կառավարիչ Ա. Խ.-ի հետ` նրանից տեղեկացել է ԱՁ Ս. Ա.-ին սնանկ ճանաչելու և սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին: Գործարարին համոզել է Երևանի կենտրոնում գտնվող բնակարանը, առանց հրապարակային սակարկությունների, վաճառել իրեն, իր ենթակային էլ դրդել է ապահովել աճուրդների չկայանալը: Արդյունքում բնակարանի գինը մեկնարկային 26. 400. 000 ՀՀ դրամից հասել է 12. 382. 000 ՀՀ դրամի:
Այդ ամբողջ ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործը վարող դատավորը, տեղյակ լինելով կատարվող ապօրինություններից, որևէ միջոց չի ձեռնարկել դրանք խափանելու և հետևանքները վերացնելու ուղղությամբ:
ՀՀ սնանկության դատարանի դատավորը նախնական համաձայնության գալով մորաքրոջ որդու՝ Տ. Մ.-ի հետ, վերջինիս հրահանգավորելով ու տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և ֆինանսական միջոցներ, ապահովել է նրա մասնակցությունը 2019 թվականի սեպտեմբերի 27-ին նշանակված աճուրդին: Վերջինը 12.382.580 ՀՀ դրամով ձեռք է բերել բնակարանը, որը փաստացի պատկանել է դատավորին, բայց դրա նկատմամբ գրանցվել է Տ. Մ.-ի սեփականության իրավունքը:
Հետո արդեն հետին թվով կազմված կեղծ փաստաթղթերի ու դատական ակտի հիման վրա նույն անձանց միջոցով կազմակերպվել է բնակարանում գտնվող կենցաղային իրերը դուրս բերելու ու բնակիչներին վտարելու գործընթացը:
Ազգային անվտանգության ծառայությունը նաև հիշեցնում է, որ դեռևս 2019 թվականի հոկտեմբերին սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից և դրա արդյունքում ունեզրկման փաստից:
ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը 2017-2020 թթ. ընթացքում 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 47.581.000 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ՝ թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, գույքի նկատմամբ իրավունքը:
ԱԱԾ–ն ընտրակաշառքի գործով կալանավորել է ԲՀԿ–ական նախկին պատգամավորի
Ապօրինի եկամուտները քողարկելու համար նա նաև իր գործընկերներին առաջարկել է կնքել 100.000 ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ փոխառության ձևական պայմանագիր: Այնուհետև նշված գումարն առձեռն փոխանցել է հիշյալ անձին, վերջինն էլ այն մուտքագրել է հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին՝ այդ կերպ շրջապտույտի մեջ դնելով գումարն ու այն որոշ ժամանակ անց վերադարձնելով նույն անձին:
Այս փաստերն էլ հիմք են հանդիսացել, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդի ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին՝ համաձայնություն տալ ՀՀ սնանկության դատարանի երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար:
Ներկայացված միջնորդությունները ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նիստերում քննարկվել և բավարարվել են:
2020թ. հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել սնանկության գործերով դատավորներից մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավվելու մասին:
Հիշեցնենք՝ խոսքը ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի մասին է:
Հուլիսի 17–ին հայտնի էր դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:
Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել էր միջնորդությունները բավարարել:
Նախագահին հորդորում են հնարավորինս շուտ առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու
Հուլիսի 20-ին Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է դատախազության` ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: