ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը պատրաստ է։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը Аргументы и факты պարբերականին տված հարցազրույցում։
Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանում ավարտվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման կլինիկական փորձարկումները, բոլոր կամավորները դուրս են գրվել։
Ինչպես նշել է Ցալիկովը, փորձարկմանը մասնակցած բոլոր կամավորները Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալի բժիշկների մշտական հսկողության տակ են գտնվել: Դուրս գրվելու պահին նրանց բոլորի մարմնում իմունիտետ է ձևավորվել կորոնավիրուսի դեմ, և նրանք իրենց լավ են զգացել։
Նրա խոսքով ՝ Ն.Ֆ. Գամալեայի համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների և գիտնականների կողմից փորձարկումների արդյունքների վերջնական գնահատում արդեն կատարվել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Նուբար Աֆեյանի ընկերությունն ավարտել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման 1-ին փուլը
Ըստ համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի` հուլիսի 21-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 14,8 մլն. Համավարակի զոհ է դարձել ավելի քան 613 հազար մարդ։
Օպերատիվ շտաբի պաշտոնական տվյալների համաձայն ՝ Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 777 486 մարդու մոտ։ 12 427–ը մահացել են COVID-19-ի բարդություններից։