ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հակամարտության գոտում դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև քաղաքացիական մյուս հաստատությունները, չեն կարող թիրախավորվել: Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը`ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից, նախարարն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորված պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում նախարար Հարությունյանը հայտնել է, որ անցած օրն այցելել է Տավուշի մարզ՝ հակառակորդի հրետակոծության հետևանքով տուժած դպրոցներ և մանկապարտեզներ: Նա ընդգծել է՝ անթույլատրելի և դատապարտելի են ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունները, որոնք թիրախավորում են քաղաքացիական օբյեկտները, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունները: Նախարարը նաև իրազեկել է, որ անցած շաբաթ նույնաբովանդակ նամակներ են ուղղվել միջազգային կառույցներին:
Կողմերն արձանագրել են, որ ավարտվել է միջպետական ծրագրի շրջանակում 2020-21 ուսումնական տարում ՌԴ բուհեր ՀՀ քաղաքացիների ընդունելության մրցույթը: Հայտ է ներկայացրել 300 դիմորդ, իսկ կրթաթոշակների թիվը 210 է եղել: Նախատեսվում է հատկացնել լրացուցիչ ևս 20 տեղ:
ՌԴ դեսպանի խոսքով՝ արդեն մշակվել են տարրական դասարաններում ռուսաց լեզվի դասավանդման ուսումնամեթոդական նյութեր, որոնք հասանելի են լինելու նաև Հայաստանում աշխատող մանկավարժների համար: Նա ներկայացրել է Հայաստանում ռուսաց լեզվի դեսպանների գործունեության նոր նախաձեռնությունը, կարևորել հաջորդ ամիս մեկնարկող ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:
Նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է Ռուսաստանի Դաշնության հայաշատ համայնքներում հայոց լեզվի՝ որպես պարտադիր առարկա, ուսուցման հարցի կարևորության մասին: Նա ներկայացրել է հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման ընթացքը և իրազեկել, որ նոր չափորոշչով ռուսաց լեզվի դասավանդումը կկազմակերպվի երկրորդ դասարանից:
Նախարարության պատասխանատուները նշել են, որ այս պահին ձևավորված աշխատանքային խումբը նաև կմշակի կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ–ռուսական համագործակցության ճանապարհային քարտեզը:
Վնասվել են դպրոցներ, տներ, «Տավուշ տեքստիլ» գործարանը․ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են այս տարի աշնանը ԿԳՄՍ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցի ժամկետներին և օրակարգին և քննարկել ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-ռուսական օրակարգի այլ հարցեր: