ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը բերման է ենթարկվել։ Կրթահամալիրի էջում նշված է, որ ՀՀ ոստիկանությունը կրթահամալիրի տնօրենին բերման է ենթարկել իր աշխատավայրից։
«Բերման են ենթարկել նաև կրթահամալիրի Քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսին»,–նշված է կայքում։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մոտից 3 անձ բերվել է ոստիկանության բաժին։
«Նրանք ոստիկանություն են բերվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)»,–ասաց Գաբրիելյանը։
Դեռ նախորդ տարեվերջին հայտնի դարձավ, որ Երևանի թիվ 93 մանկապարտեզը պետք է ցանկապատով առանձնանա կրթահամալիրից, ինչին դեմ էր Բլեյանը։ Նա հայտնում էր, որ hիմնավորումներ չեն գտել ցանկապատի շինթույլտվության համար, բացի այդ, ցանկապատը կփակվի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհը:
Այսօր այդ խնդիրը նորից գլուխ է բարձրացել։ Բլեյանն ու տեղի բնակիչները հավաքվել էին այն տարածքում, որտեղ պետք է կառուցվի ցանկապատը։ Բլեյանը նստել էր գետնին, իսկ ոստիկանները հորդորում էին դադարեցնել հավաքը և լքել այդ վայրը։ Ոստիկանների պահանջը չկատարելու համար էլ նրան բաժին տարան։