ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները մեծ աղմուկ են բարձրացրել։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում և դժգոհում են քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։
Sputnik Արմենիան խնդրի հետ կապված մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարությունից` հասկանալու համար, թե ինչպիսի լուծում կարելի է ակնկալել ստեղծված իրավիճակում։
«Նրանք, ովքեր դուրս են մնացել, թափուր տեղերի համար թող դիմեն, բոլոր մասնագիտություններով կան թափուր տեղեր, թող նայեն, ընտրեն ու դիմեն»,-ասաց ԿԳՄՍՆ աշխատակազմի տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու Օֆելյա Կամավոսյանը։
Նշենք, որ այսօր Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նարսիբյանը ասաց, որ կրթական գերատեսչությունը մոտեցում է փոխել։ Այս մտադրությունը վաղուց է եղել, պարզապես կառավարությունը որոշել է այս տարի կատարել այն։ Նրա խոսքով` փոփոխության մասին իրենք տեղեկացրել են հանրությանը:
Նախկինում միայն գերակա էր անվճար հայտը, մնացած դեպքերում, ըստ միավորների, երեխաներն ընդունվում էին։
Նարսիբյանի խոսքով, օրինակ, իրավաբանը դուրս էր մնում, գնում էր միջազգային հարաբերություն ֆակուլտետ և այդ ֆակուլտետի ուսանողին հանում էր դուրս։ Միջազգային հարաբերության դիմորդը դուրս էր մնում, գնում արևելագետին էր հանում, արևելագետը՝ պատմաբանին, ու ստացվում էր, որ ոչ մեկ իր տեղում չէ։
«Դուք ուզում եք դառնալ միջազգային հարաբերությունների մասնագետ` մրցեք իրար հետ։ Տեղերը փակվեց, նոր, եթե թափուր տեղ մնաց, մնացած հայտերը կաշխատեն»,- ասաց Նարսիբյանը:
ԳԹԿ փոխտնօրենն այս համակարգը արդար է համարում` շեշտելով, որ աստիճանաբար դիմորդները կսովորեն այս մոտեցմանը:
Նշենք, որ այսօր բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները Գնահատման և թեստավորման կենտրոնի մոտ բողոքի ակցիա իրականացնելուց հետո հավաքվեցին Ազգային ժողովի մոտ:
Փաշինյանն ու նախարարը խնդրանքով դիմեցին դիմորդների ծնողներին
«Բոլոր համակարգերը կաղում են։ 17,18, անգամ 18,75 միավորով երեխան դուրս է մնացել իրավաբանական ֆակուլտետից: Դա նորմա՞լ է»,- ասում են ծնողներն ու հավելում, որ երեխաները հոգեբանական ծանր վիճակում են:
Ծնողները վստահեցնում են` իրենք տեղյակ չեն եղել փոփոխություններից:
«15 միավորով չի անցել իմ քույրիկը, բայց 8-7 միավորով գնացել ու նստել են Բրյուսով: Անգլերենով երեխաների համար թափուր տեղեր գրեթե չկան»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Մյուս ծնողի խոսքով՝ իր երեխան 16,50 միավոր է ստացել, ոչ մի հայտով չի անցել, իսկ թափուր տեղեր չկան։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը հանդիպեց բուհեր չընդունված դիմորդներին ու նրանց ծնողներին:
«Մեր բոլորի առաջարկությունն է՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարց բարձրացնի կառավարությունում, որպեսզի ավելացվեն տեղերը, ընդունելության քննության հանձնած դիմորդները բոլորը դառնան ընդունված: Դրանից կշահի պետությունը, քանի որ բարձր միավոր ստացած դիմորդներն ապագայում կդառնան պետության համար լավ մասնագետներ, նաև բուհը կշահի, քանի որ վճարովի են ընդունվելու: Առաջին կիսամյակի ավարտին թող կազմակերպեն քննություն, վատ առաջադիմություն ունեցողները թող դուրս մնան»,-ասացին ծնողները:
Լսելով բողոքի ակցիայի մասնակիցներին`Կոնստանյանը նշեց, որ կփորձեն քննարկում կազմակերպել ոլորտի պատասխանատուների հետ իրավիճակը հասկանալու համար:
«Նախարարության հիմնական պնդումն այն է, որ բոլոր այն դիմորդները, ովքեր առաջին հայտով նշել են, գիտակցաբար, կողմնորոշված են նշել, ցածր միավորի պարագայում իրենք պետք է համարվեն անցած: Լիարժեք ընդունում եմ տեսակետը, որ գիտելիքը չպետք է նսեմացնել, բարձր միավոր հավաքած դիմորդներն ակնհայտորեն ավելի շատ գիտելիքի են տիրապետում: Աբսուրդային իրավիճակն այստեղ է»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները ստորագրեցին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահին ուղղված դիմումի տակ, որտեղ ներկայացրել են իրենց խնդիրն ու առաջարկությունները:
Մուտքը` առանց ջերմության. ինչպես Երևանում անցավ միասնական քննությունների առաջին օրը
Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ երբ որոշում կայացվեց, որ այս տարի ընդունելության քննություններն առանձնահատուկ են լինելու և մեկ քննությամբ, արդեն պարզ էր, որ խնդիրներ են առաջանալու։
«Մասնագիտական հանրությունն իր մտահոգությունը հայտնեց։ Արդարության սկզբունքը խախտվել է, իսկ բողոքողների թիվը դեռ կշատանա»,-ասաց Մխիթարյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանում այս տարի միասնական քննությունները մեկնարկեցին հուլիսի 2–ին և ավարտվեցին հուլիսի 8-ին։ Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` դիմորդները միայն մեկ քննություն հանձնեցին բուհ ընդունվելու համար։