Մոսկվայում 1980 թվականին կայացած XXII ամառային Օլիմպիական խաղերն առաջին էին, որ տեղի ունեցան Արևելյան Եվրոպայի տարածքում: Դրանք նաև առաջին օլիմպիական խաղերն էին, որ կազմակերպվում էին սոցիալիստական երկրում` Խորհրդային Միությունում։
Sputnik-ի ֆոտոշարքը ներկայացնում է մոսկովյան օլիմպիադայում հազարավոր երկրպագուների հիացմունք պատճառած ականավոր մարզիկների լուսանկարները։
Ընդհանուր առմամբ, այդ օլիմպիադայում Խորհրդային Միության մարզիկները նվաճել են 195 մեդալ, որոնցից 80 – ը` ոսկե, 69-ը` արծաթե և 46-ը` բրոնզե: Համեմատության համար նշենք, որ ԳԴՀ – ն ընդհանուր թիմային մեդալային հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել` 126 մեդալ (47-37-42 հարաբերակցությամբ), իսկ Բուլղարիան, որը եզրափակում էր առաջատարների եռյակը, իր երկիր է տարել 41 մրցանակ (8-16-17 հարաբերակցությամբ):
ԽՍՀՄ 514 մարզիկների թվում 8–ը Հայաստանից էին, նրանք կարողացել են նվաճել 9 մեդալ՝ 2 ոսկի, 3 արծաթ և 4 բրոնզ:
Հատկապես աչքի ընկավ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը։ Նա մեկ երեկոյի ընթացքում սահմանեց համաշխարհային 5 ռեկորդ ու միջին քաշայինների համար երկամարտի անհավանական` 400 կգ արդյունքով դարձավ չեմպիոն: