ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Տավուշում հուլիսի 12-ից մեկնարկած մարտական գործողություններն առաջին հերթին ՀՀ զինված ուժերին փայլուն հաղթանակ է տվել։ Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե մարտական գործողությունների ընթացքից ելնելով` կարո՞ղ ենք ասել, թե ինչ «տվեցին» դրանք ՀՀ ԶՈւ–ին։
«Ընդհանուր առմամբ, սա համաժողովրդական համախմբման, զինվորական կառավարման համակարգի հղկվածության, զարգացման առումով աճ ունեցանք։ Չնայած ցավալի կորուստներին, մեր վճռականությունն ավելի ամրապնդվեց»,–ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, Հովհաննիսյանը հայտնեց` այս պահին համեմատաբար հանգիստ է։ Նրա խոսքով` գիշերը եղել են անկանոն կրակոցներ. ՀՀ ԶՈւ–ն պատասխանել է միայն դիպուկ կրակոցներին։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
«Սիրուն է, չէ՞». Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված ԱԹՍ–ի լուսանկարները
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։