ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայ- ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության` վերջին ամիսների ատելության հռետորաբանությունն ու սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը վերադարձրեցին 2016թ.-ի ապրիլի դրության: Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսկերպ է մեկնաբանել հայ- ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սրացումը:
«Դեռևս 2016թ. Ադրեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետևանքները մինչև վերջ չէին հաղթահարվել: Վերջին երկու տարիների ընթացքում մենք արձանագրեցինք հստակ դրական տեղաշարժեր. նվազել էր հրադադարի ռեժիմի խախտման ցուցանիշը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, որի իրագործման առաջին քայլը դարձավ լրագրողների փոխանակման ծրագիրը»,- նշել է Նաղդալյանը:
ԱԳՆ խոսնակը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ ձեռք էր բերվել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու պայմանավորվածություն: Բայց վերջին իրադարձությունները և Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարությունները, նրա խոսքով, ցույց տվեցին, որ «ոչ թե Ադրբեջանի իշխանությունները պետք է նախապատրաստեն ժողովրդին, այլ հակառակը՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 20-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։
«Անհոգ եղեք...». հայ զինծառայողները հուզիչ ուղերձ են հղել առաջնագծից. տեսանյութ