ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է այն տեսանյութը, որտեղ ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողներն ասում են, որ այս կարևոր պահին չեն ուզում զորացրվել, ուզում են ծառայության 2 տարիների ընթացքում սովորածը ծառայեցնել հայրենիքի անվտանգության պահպանման։
«Եվ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս զինվորին, այս բանակին, այս սերնդին, այս ազգին հնարավոր է հաղթե՞լ»,–գրել է Փաշինյանը։
Իսկ տղաները ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի՝ Բերդի տարածաշրջանում ժամկետային ծառայությունն ավարտող զինվորներն են։
«Ինչ սրտով թողնենք էս նորակոչիկներին, որ ընդհանրապես փորձ չունեն, եկել են, չգիտեն ոչ մի բան։ 2 տարի է մենք էս օրվա համար ենք սովորել, էս պահի համար ենք պատրաստվել, որ ամեն ինչ լավ լինի»,–ասում է նրանցից մեկը։
Իսկ մյուս զինվորը հավելում, թե սահմանին կանգնած զինվորներն իրենց հույսով են։ Ինչ սրտով ասեն` չէ, օրը լրացել է, պիտի գնան։
«Մինչև էս հարցի լուծումը չկարողանանք տանք, մենք ստեղից գնալու իրավունք չունենք, ինչքան էլ տանը մեզ 2 տարի անհամբեր սպասել են»,–ասում է զինվորը։
Վերջում նա իր խոսքն ավարտում է Գարեգին Նժդեհի խոսքով. «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել էր, որ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի (որի ենթակայության տակ են Տավուշի զորամասերը) զորացրման ենթակա ժամկետային զինծառայողները դիմել են հրամանատարությանը` խնդրելով թույլատրել շարունակել ծառայությունը։